Վրաստան. չդադարող ցույցեր, դեսպանների հրաժարականների շարք
Շաբաթ օրը Վրաստանում շարունակվել են բողոքի ցույցերն ընդդեմ երկրի կառավարության՝ ԵՄ անդամակցության գործընթացը առկախելու որոշման։ Ոստիկանությունը երրորդ գիշերն անընդմեջ ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառել։
Վրաստանի առնվազն չորս դեսպան հրաժարական է տվել ի նշան բողոքի։
Բուլղարիայում Վրաստանի դեսպանը հրաժարական է տվեց ուրբաթ, իսկ շաբաթ օրը նրան հետևեցին Նիդեռլանդներում, Իտալիայում և Լիտվայում դեսպանները։ Տեղական լրատվամիջոցներում չհաստատված բազմաթիվ հաղորդումներ կան, որ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան, նախկին արտգործնախարար Դավիթ Զալքալիանին նույնպես հրաժարական է տվել՝ արտգործնախարարի տեղակալ Թեմուր Ջանջալիայի հետ միասին։
Շաբաթ օրը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է մնալ նախագահի պաշտոնում իր լիազորությունների ժամկետը դեկտեմբերին ավարտվելուց հետո՝ նշելով, որ ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող նշանակել իր հաջորդին։
Շաբաթ օրը ցույցերն ուժգնացան երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Բաթումիում, Քութայիսիում, Գորիում, Ռուսթավիում, Խաշուրիում, Փոթիում և Զուգդիդիում։ Թբիլիսիում մոտ 100,000 մարդ է մասնակցել խորհրդարանի շենքի դիմաց ցույցին։
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության կասեցման մասին։ Վրաստանի կառավարությունը բռնություններ հրահրելու համար մեղադրում է ցուցարարներին և ընդդիմությանը։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույնիսկ ակնարկել է, որ եվրոպացի քաղաքական գործիչներն են պատասխանատու այս իրավիճակի համար։ Բողոքի ցույցերի վերջին ալիքը սկսվել է հինգշաբթի Կոբախիձեի անակնկալ հայտարարությունից հետո, որ երկիրը կդադարեցնի ԵՄ անդամակցության գործընթացը «մինչև 2028 թվականը»։
Բիզնես հատվածից նույնպես հնչել են քննադատություններ կառավարության հասցեին, այդ թվում՝ երկրի երկու խոշորագույն բանկերի՝ TBC-ի և Bank of Georgia-ի կողմից։ Բժշկական խոշոր կլինիկա «Կուրաթիոն» անվճար բուժօգնություն է առաջարկել ցույցերի ժամանակ վնասվածքներ ստացած բոլոր անձանց։
Վրաստանում իրավիճակը լարվել է հատկապես հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ իշխող «Վրացական երազանքը» 54 տոկոս քվե է ստացել։ Լրատվամիջոցները և դիտորդական խմբերը արձանագրել են ընտրախախտումների և քվեարկության գաղտնիության խախտման բազմաթիվ դեպքեր են արձանագրել։ Ընդդիմությունը և երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեն ընդունում ընտրության արդյունքները։
The post Վրաստան. չդադարող ցույցեր, դեսպանների հրաժարականների շարք appeared first on CIVILNET.